Գյումրիի ու Նովոչերկասկի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

16:47, 24 Օգոստոս, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍԳյումրու  քաղաքապետարանում օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության Գյումրի և Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկ քաղաքների միջև կնքվեց քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաձայնագիրը վավերացրին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր  Զյուզինը: Համաձայնագիրը նախատեսում է հնարավոր համագործակցություն առևտրաարդյունաբերական, կրթական, մշակութային և  զբոսաշրջային ոլորտներում: «Սա սկիզբն է համագործակցության, կարծում եմ մեր մոտ ամեն ինչ կստացվի»,-նշեց Սամվել Բալասանյանը: Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր  Զյուզինը ևս կարևորեց այս համաձայնագրի կնքումը՝  հույս հայտնելով, որ արդյունքները շատ շուտով տեսանելի կլինեն: «Հուսամ, շատ կոնստրուկտիվ ու գործարար համագործակցություն ենք իրականացնելու: Մենք՝  քաղաքապետերով, վստահ ենք՝ բավական արդյունավետ համագործակցություն կունենանք»,- ասաց նա:

 Իգոր  Զյուզինը շնորհավորեց գյումրեցիներին  օգոստոսի 25-ին նշվող «Գյումրու օր» տոնակատարության համար: «Մենք  շատ լավ հայ համայնք ունենք: Հայերի հետ մենք կողք կողքի ապրում ու աշխատում ենք: Մեծ է հայ համայնքի դերը քաղաքի զարգացման գործում: Գյումրին որպես քաղաք  Նովոչերկասկից երիտասարդ է, բայց որպես բնակավայր բավական հին  և մեծ ուշադրության կարիք ունի: Գիտեմ, որ վաղը շատ  կարևոր օր է Գյումրիի համար: Քաղաքին իմ ու մեր  աշխատակազմի անունից բարգավաճում, միայն երջանիկ օրեր  ու նորանոր հաջողություններ եմ մաղթում»,-նշեց Իգոր  Զյուզինը:

Վերջում քաղաքապետերը փոխանակվեցին հուշանվերներով:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am