Վարդան Մինասյանի հավաստմամբ՝ իր թիմը պատրաստ է «Ֆ91 Դյուդելանժ»-ի հետ խաղին

17:58, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես պատրաստ է Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ֆ91 Դյուդելանժ»-ի հետ հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ «Լրիվ վերականգնվել ենք, ամենակարևորը վնասվածքներ չունենք։ Եվ հոգեբանորեն, և ֆիզիկապես թիմը պատրաստ է»,- ասաց Մինասյանը։

Մարզիչը նշեց, որ ամբողջությամբ ուսումնասիրել են մրցակցին։ «Լրիվ տիրապետում ենք ինֆորմացիային։ Իրենց խաղաոճով շատ նման են մեր նախորդ մրցակցին, փորձում են վերահսկել գնդակը, մենք կփորձենք խաղալ այն ֆուտբոլը, որը պլանավորել ենք։ Մենք պետք է սառը գլխով խաղանք, շատ սառնասիրտ լինենք, կարողանալ ճիշտ արձագանքել դաշտում տեղի ունեցողին»,- նշեց գլխավոր մարզիչը։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին, ժամը 19։00-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում։


© 2009 ARMENPRESS.am