Ամուլսարի հարցով քննադատողներից մեկին աշխատանքից ազատել ենք ոչ կոմպետենտության պատճառով. Փաշինյան

19:29, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ամուլսարի հետ կապված երկու հայտարարությունների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել:

Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները:

 Մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու, բարեբախտաբար, նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»:


© 2009 ARMENPRESS.am