Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան»

18:39, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 7- րդ ամառային խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան» բարեգործական հասարարական կազմակերպության գրասենյակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական 7- րդ ամառային խաղերի լրատվական ծառայությունից, օրրանցիներն աղուհացով են դիմավորել սիրելի հյուրերին, որոնց ողջույնի խոսքով դիմել է կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

«Այս հանդիպումը շատ կարևոր է: Անապահով ընտանիքի երեխաներին հարկավոր է ոչ միայն նյութական օգնություն, այլ նաև բարոյական աջակցություն, որն այս պահին անում եք դուք»,- ասել է Արմինե Հովհաննիսյանը:

Համահայկականի մարզիկները դատարկաձեռն չեն այցելել «Օրրան»: Նրանք երեխաների համար տարել են բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ դպրոցի համար անհրաժեշտ իրեր:

Հանդիպման ընթացքում մարզիկներն «Օրրանի» սաների հետ երգել են, պարել, պաղպաղակ հյուրասիրվել:

Հրաժեշտ տալիս հյուրերն օրրանցիներին խոստացել են, որ անհամբեր կսպասեն Համահայկական հաջորդ խաղերին և դարձյալ սիրով այցի կգան նրանց:

 


© 2009 ARMENPRESS.am