Փաշինյանն Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու հիմքեր չի տեսնում

14:21, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ փակ հանդիպման ընթացքում հայտնել է, որ այս պահին նոր փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը հորդորեց սպասել հարցի ուսումնասիրման ընթացակարգերի ամբողջական ավարտին:

«Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, կսպասենք վերջնական որոշումների: Ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու, քննարկում է լինելու թե՛ պետական հիմնարկների հետ, թե՛ հասարակության տարբեր շերտերի հետ: Մի քանի ժամ հետո կհրապարակվի կառավարությունում քննարկման սղագրությունը, այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»,- նշեց նա:

Վլադիմիր Կարապետյանը նշեց նաև, որ շուտով պարզ կլինի` Նիկոլ Փաշինյանը կայցելի՞ Ամուլսար, թե ոչ:

ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումը Ամուլսարի շահագործման հարցով: Մասնակցել են Ջերմուկի համայնքապետը, ավագանու անդամները, բնապահպան-ակտիվիստները և այլ շահագրգիռ կողմեր: Բաղրամյան, 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ ցույց են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ:

Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։ Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականի հուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։

Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմից արված փորձաքննության արդյունքները։

Հայտնի է, որ կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտական եզրահանգումները, ըստ որի՝

Մեկ անգամ չէ, որ վարչապետը նշել է. «․․․եթե մենք հիմա գտնվեինք Ամուլսարի ծրագրի ուսումնասիրման գործընթացի նախնական փուլում, ապա ամենայն հավանականությամբ կառավարությունը կընդուներ ուղղակի քաղաքական որոշում` աննպատակահարմար համարելով Ջերմուկի մոտ որևէ հանք ունենալ։ Սակայն դե յուրե ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանքի շահագործման համար աշխատանքների 80 տոկոսն արդեն արված են: Սա իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստել, և ցանկացած որոշում պետք է կայացի փաստերի հիման վրա»։

© 2009 ARMENPRESS.am