Բնապահպանը մանրամասներ է հայտնել Ամուլսարի շահագործման հարցով նախագահականում ընթացող հանդիպումից

14:08, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի շահագործման հարցով ՀՀ նախագահական նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումից դուրս եկած բնապահպան Աննա Շահնազարյանը մանրամասներ է ներկայացրել ընթացող փակ հանդիպումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շահնազարյանը հայտնեց, որ կիսատ է թողել հանդիպումը և դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի խոսքի ընթացքում:

Աննա Շահնազարյանի փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ թեև նշվել են բազմաթիվ թերություններ ELARD-ի ուսումնասիրության մեջ՝ կապված «Լիդիան»-ի արած ազդեցության գնահատման հետ, դա, միևնույն է, իրավական հիմք չի տալիս փորձաքննության ուժը կորցրած ճանաչելու և նոր փորձաքննություն պահանջելու համար:

ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումը Ամուլսարի շահագործման հարցով: Հանդիպումը փակ է, բայց տեղեկություններ կան, որ մասնակցում են Ջերմուկի համայնքապետը, ավագանու անդամները, բնապահպան-ակտիվիստները և այլ շահագրգիռ կողմեր: Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման դեմ ցույց են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ:

Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։ Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականի հուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։

Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմից արված փորձաքննության արդյունքները։

Հայտնի է, որ կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտական եզրահանգումները, ըստ որի՝

Մեկ անգամ չէ, որ վարչապետը նշել է. «․․․եթե մենք հիմա գտնվեինք Ամուլսարի ծրագրի ուսումնասիրման գործընթացի նախնական փուլում, ապա ամենայն հավանականությամբ կառավարությունը կընդուներ ուղղակի քաղաքական որոշում` աննպատակահարմար համարելով Ջերմուկի մոտ որևէ հանք ունենալ։ Սակայն դե յուրե ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանքի շահագործման համար աշխատանքների 80 տոկոսն արդեն արված են: Սա իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստել, և ցանկացած որոշում պետք է կայացի փաստերի հիման վրա»։


© 2009 ARMENPRESS.am