Վարչապետի վերջին այցից հետո Գյումրիում զբոսաշրջիկների թիվն ավելացել է

20:32, 16 Օգոստոս, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 16   ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում զբոսաշրջիկների թիվն ավելացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«ՀՀ վարչապետն ուղիղ եթերով այնպես ներկայացրեց մեր քաղաքը, որն իրականության մեջ կար, բայց, հավանաբար, բոլորը չգիտեին: Այսօր արդեն նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները, հասկացան, որ պետք է գան Գյումրի: Նիկոլ Փաշինյանի այցից եւ Գյումրին հրաշալի ու մանրամասնորեն ներկայացնելուց հետո տուրիստների թիվն ավելացել է: Օրինակ, այսօր հյուրեր են գալիս Ֆրանսիայից: Գալիս են մեր փողոցներում քայլելու, շրջելու: Շատ շնորհակալ եմ վարչապետից նման քայլի համար: Որեւէ մեկը Գյումրին դեռ այսպես չէր ներկայացրել»,-նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Օգոստոսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ոչ աշխատանքային այցով եղել է Գյումրիում, եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել Գյումրու, ներդրումային բարենպաստ հնարավորությունների մասին: Վարչապետը գործարարներին կոչ էր արել իրենց ներդրումային ծրագրերով գալ Գյումրի:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am