Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի արտահերթ նիստ

10:07, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետարանում օգոստոսի 15-ին հրավիրվել է մարզի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել  է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Կոտայքի մարզպետարանից, օրակարգում աշնանը Հայաստանի Հանրապետության տարածքում կայանալիք հրամանատարա-շտաբային զորավարժություններն են եղել  ու դրանց ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների քննարկումը, մարզպետարան-համայնք-մարզային զինվորական կոմիսարիատ փոխգործակցության ամրապնդումը:

Նիստին ներկա են գտնվել Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հ. Հովհաննիսյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը, մարզի ուժային կառույցների, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և համայնքների ու վարչական շրջանների ղեկավարներ:

Աշնանը նախատեսվող հրամանատարա-շտաբային զորավաժությունների մասին զեկույցով հանդես է եկել Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հ.Հովհաննիսյանը, որից հետո հարցեր են հնչել զեկուցողին:

Ամփոփելով նիստը՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ պետք է անել առավելագույնը աշնանը նախատեսվող զորավարժությունների ընթացքում բարձր պատրաստվածություն ցուցաբերելու ուղղությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am