Շիրակում նախատեսվում է ունենալ շուրջ 35 ավտոբուսային երթուղիներ

12:59, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի միջմարզային և ներմարզային հասարակական տրանսպորտի աշխատանքներին նվիրված խորհրդակցություն:

 Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Շիրակի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարներ։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթի անցկացման կարգի» դրույթներին վերաբերող հարցեր։

Արմեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանում միասնական երթուղային ցանց ստեղծելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մշակվող ծրագիրը, ըստ որի նախատեսվում է ՀՀ Շիրակի մարզում ունենալ նոր երթուղային ցանց, որը կընդգրկի մարզի բոլոր բնակավայրերը սպասարկող շուրջ 35 ավտոբուսային երթուղիներ:


© 2009 ARMENPRESS.am