Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

15:47, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն օգոստոսի 12-ին ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան Հանրապետության ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին և վերջիններիս արդյունքում ակնկալվող ազդեցությանը,  ՀՀ-ում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայումս իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։

ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից ներկայումս տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների շրջանակը դրականորեն կազդի Հայաստանի Հանրապետության վարկանիշավորման վրա։


© 2009 ARMENPRESS.am