Հայ շախմատիստների առաջին մրցակիցներն աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են  

11:31, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի գավաթի խաղարկության անդրանիկ տուրի մրցակցի զույգերի խաղացանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում ուժերը կչափի Եգիպտոսից Էսամ Էլ Գինդի հետ: Սերգեյ Մովսեսյանը կփորձի գերազանցել ռուս Գրիգորի Օպարինին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` Անտոն Դեմչենկոյին: Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանի մրցակիցը կլինի Իրանից Ալիռեզա Ֆիրուջանը:

Գավաթի խաղարկությանն այս տարի չի մասնակցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,6 միլիոն ԱՄՆ դոլար, որից հաղթողը կստանա 110 հազար ԱՄՆ դոլար:


© 2009 ARMENPRESS.am