Նոր ծննդատուն կկառուցվի Գյումրիում

14:19, 10 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սրմաքեշի նախաձեռնությամբ Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սրմաքեշն ասաց օգոստոսի 10-ին լրագրողների հետ զրույցում:

Վարդան Սրմաքեշը հայտնեց, որ ծննդատուն կառուցելու եզրակացության է եկել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ զրույցից հետո: «Ես ցանկություն հայտնեցի, որ Գյումրիում որևէ բան անեմ, եզրակացության եկանք, որ ծննդաբերական կենտրոն կառուցենք»,- ասաց Սրմաքեշը:

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը: 

Ծննդատան կառուցման առիթով առողջապահության նախարարի և բարերարի միջև օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի` առողջապահության նախարարությունն աշխատանք է տանելու ծննդատան համար համապատասխան տարածք տրամադրելու գործընթացին աջակցելու և ծննդատան աշխատանքը Հայաստանի առողջապահության համակարգում լիովին ներառելու համար, իսկ ֆինանսական մասն իրականացվելու է Սրմաքեշի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով: Ծննդատան կառուցումը կնպաստի Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրներն այդ ոլորտում:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am