Կառավարությունը  անպտղության անվճար հետազոտման ու բուժման համար մեխանիզմներ է սահմանել

13:15, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը օրենսդրորեն ամրագրել է բնակչության որոշ խմբերի անպտղության բուժման նպատակով կիրառվող անպտղության պատճառագիտության հետազոտումն ու բուժումը, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման կարգն ու պայմանները։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշում ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

«Նախագիծը սահմանում է անպտղության բուժման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, բժշկական օգնության և սպասարկման ծավալները։ Բացի այդ, սահմանվում է այն շահառուների խումբը, ովքեր այս ծառայություններից օգտվելու իրավունք կունենան։ Նախագծով սահմանվում է նաև պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, բժշկական օգնության և սպասարկման նպատակով շահառուների հերթագրման կարգը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Բացի այդ, ներդրվելու է ծրագրի շահառուների հերթագրման միասնական էլեկտրոնային համակարգ։

Այս որոշմամբ ակնկալվում է բարելավել անպտղությամբ տառապող զույգերի իրավունքների իրացումը, սահմանել մեխանիզմներ՝ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար,  վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:


© 2009 ARMENPRESS.am