«Ալաշկերտի» կանանց թիմը Չեմպիոնների լիգայում պարտվեց «Տվենտեին»  

10:46, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների Էնսխեդե քաղաքում մեկնարկեց կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» հանդիպեց «Տվենտեի» հետ և զիջեց 0:8 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Դավինիա Վանմեխելենը (20, 90), Ֆենա Կալման (31, 47), Էշլի Վերդենը (59) և Սաբրին Էլուզին (39): 32-րդ և 45+3-րդ րոպեներին սեփական դարպասը գրավեցին համապատասխանաբար Արմինե Մեսրոպյանը և Մարիա Սախինովան:

Հայաստանի ներկայացուցիչը վերջին անգամ մասնակցել է այս հեղինակավոր մրցաշարին 2001-2002 թթ. մրցաշրջանում: «Տվենտեն» Հոլանդիայի առաջատար թիմերից մեկն է, երկրի կրկնակի չեմպիոնը, իսկ Հոլանդիայի կանանց հավաքականը՝  2019 թ. աշխարհի փոխչեմպիոնն է և Եվրոպայի գործող չեմպիոնը: 


© 2009 ARMENPRESS.am