Սամվել Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետն արձագանքել են BBC-ի հոդվածին Մարտի 1-ի դեպքերի մասին

18:11, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) և Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել են բրիտանական BBC-ի ռուսական ծառայության հրապարկմանը` Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Tert.am»-ի հետ զրույցում Օգանովսկին նշել է, որ հոդվածում հրապարակված տեղեկությունները իրականության չեն համապատասխանում:

«Շատ բան կարող են գրել, բայց դա հեքիաթ է, դա իրականությանը չի համապատասխանում, չկա նման բան: Ես չգիտեմ՝ առիթը որն է նման բան գրելու մանավանդ այն ժամանակ, երբ Ստեփանակերտում համահայկական խաղերն են, ի դեպ, ես էլ միջոցառման եմ: Հրապարակման վերաբերյալ մեկնաբանություն չունեմ, չկա նման բան»,-ասել է Սամվել Կարապետյանը:

Իսկ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այն չի կարող հավաստի լինել:

«Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները այս գործով հստակ քննություն են տանում, և իրավական բոլոր գնահատականները պետք է վստահենք միայն նրանց: Բոլոր մեղավորները միանշանակ պետք է պատասխան տան օրենքի առաջ, և, անկախ ունեցած վաստակից ու զբաղեցրած պաշտոնից, ոչ ոք չպետք է ներվի: Բայց մամուլը պարտավոր է սոցիալական պատասխանատվություն կրել և օտարերկրյա գործակալների, տարբեր շահեր հետապնդող ուժային կենտրոնների կողմից ուղղորդված քարոզչական քայքայիչ գործունեությանը տեղ չտալ, հատկապես, որ թիրախավորում են մեր ազգի հերոսներին և լեգենդար հրամանատարներին»,- գրել է Հարությունյանը:

Բրիտական «BBC»-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին՝ դրանք անվանելով Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը:

«BBC»-ի հոդվածագիրն իր տրամադրության տակ հայտնված քննչական բացառիկ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պնդում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ:


© 2009 ARMENPRESS.am