Երևանի Խանջյան փողոցում երեք ավտոմեքենաներ են բախվել միմյանց. կա տուժած

20:20, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 6-ին, ժամը 11:58-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտակայքում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Ա.), BMW (վարորդ՝ Ա.Պ.) և «Honda CRV» (վարորդ՝ Ա.Ս.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Է.Ա., ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան հետազոտություն անցնելուց հետո դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Zafira» և «Honda CRV» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:


© 2009 ARMENPRESS.am