ՀԱԽ կոմիտեի նախագահը խնդիր չի տեսնում պատվիրակություններին գյուղերում և դպրոցներում տեղավորելու մեջ

17:25, 6 Օգոստոս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական ամառային խաղերի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը որևէ խնդիր չի տեսնում այն հանգամանքում, որ Արցախ ժամանած որոշ պատվիրակությունների կացարան է տրամադրվել գյուղերում և դպրոցներում: Ինչպես Արցախից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Զաքարյանն ասաց օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում:

«Հյուրանոցային տնտեսությունը նախատեսված է 800 հոգու համար: Դա նշանակում է Համահայկական խաղերի երեք մեծ պատվիրակություն և վերջ: Բայց միայն պատվիրակությունները չեն: Ժամանել են հյուրեր, մասնակիցների հարազատները, զբոսաշրջիկներ, պաշտոնական պատվիրակություններ և այլն: Այս պահին Արցախում` Ստեփանակերտում, Շուշիում, հարակից գյուղերում շուրջ 10000-ից շատ մարդ կա արդեն: Սա շատ լուրջ թիվ է Արցախի համար, և այս առումով որոշակի խնդիրներ կարող են լինել, բայց հաճախ պատվիրակությունները հաճույքով իջևանում են գյուղերում: Սիրիայի պատվիրակությունն է գյուղերում մնացել, Ռուսաստանի մի քանի քաղաքների պատվիրակություններ ենք գյուղեր ուղարկել: Պատվիրակություններ կան, որոնք մեզ հայտերն ուղարկել են քիչ թվով, բայց ժամանել են ավելի շատ, իրենց ենք գյուղեր ուղարկել: Այնպես որ, կարծում եմ, որ իրենց հաճելի է իրենց այդ ամենը տեսնել, շփվել, զգալ արցախցիների առօրյան, հոգսերը, նիստ ու կացը»,- ասաց Զաքարյանը:

Անդրադառնալով նրան, որ պատվիրակություններ կան նաև, որոնք տեղավորվել են դպրոցներում, Իշխան Զաքարյանը նշեց, որ դա ունի իր առավելությունները:

«Դպրոցների թիմերը շատ ավելի լավ պայմաններում են: Դպրոցներում տեղավորելն ունի երկու առավելություն` առաջինը, որ սանհանգույցներ կան, երկրորդը` կան ճաշարաններ` սննդի հարցերը լուծելու համար»,- նշեց Իշխան Զաքարյանը:

7-րդ համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում, ժամը 21:00-ին: Ավանդույթի համաձայն, այն կվարի Կարեն Գիլոյանը: Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:

 


© 2009 ARMENPRESS.am