Ալի Բաբաջանը 4 նախկին նախարարի առաջարկելու է միանալ նոր ստեղծվելիք կուսակցությանը

16:50, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին անդամ Ալի Բաբաջանը իր կողմից ստեղծվելիք կուսակցության հիմնադիրների խորհուրդ է հրավիրելու չորս գործչի, որոնք ԱԶԿ-ի իշխանության օրոք նախարարի պաշտոն են զբաղեցրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի չաղ» լրատվամիջոցը:

Ալի Բաբաջանը շարունակում է նոր կուսակցություն հիմնելու գործընթացը: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական գործիչների, այդ թվում և ԱԶԿ-ական պատգամավորների հետ: Ըստ տեղեկությունների՝ Բաբաջանը ԱԶԿ կառավարության նախկին նախարարներ Էրքան Մումջուին, Քյուրշաթ Թյուզմենին, Նիմեթ Չուբուքչուին և Էրթուղրուլ Գյունային պատրաստվում է առաջարկել միանալ նոր կուսակցության հիմնադիրների խորհրդին:

Նոր կուսակցության հիմքում ընկած է լինելու այն քաղաքականությունը, որը ԱԶԿ-ը վարում էր իշխանության գալու առաջին տարիներին: Դա է պատճառը, որ Բաբաջանը կարևորում է աշխատել այն գործիչների հետ, որոնք այդ շրջանում իշխանության մաս են կազմել:

Ըստ տեղեկությունների՝ քաղաքական քննարկումների առարկա է դարձել նաև նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի անդամակցությունը հիմնադրվելիք նոր կուսակցությանը:

Ալի Բաբաջանը հուլիսի 8-ին հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին: Նա համարվում է 2001թ. հիմնված «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրներից մեկը: Նախատեսվում է, որ Բաբաջանը Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի և մի շարք այլ գործիչների հետ նոր կուսակցություն է հիմնելու:

 


© 2009 ARMENPRESS.am