Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

17:57, 30 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանական  խմբի միջնորդությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որպես գրավի չափ պաշտպանն առաջարկել էր մինչև 25 մլն դրամ։

Մինչև որոշման հրապարակումը փաստաբանական խումբը դատարանին տեղեկացրել էր, որ Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված եղել է կրկնակի հետազոտություն, ինչը փաստել է, որ նրա մոտ առկա ծանր հիվանդությունները խորացել են՝ արձանագրվել է կրկնակի բացասական դինամիկա:

Նիստը նախագահում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։


© 2009 ARMENPRESS.am