«Լույս» խմբակցությունը «Սանիտեք»-ին կոչ է անում ասուլիսն անցկացնել Երևանում

13:32, 30 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության սեփականատերերին կոչ է անում օգոստոսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախատեսված ասուլիսն անցկացնել Երևանում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Սանիտեք»-ի այս քայլը կարող է վնաս լինել և՛ մեր քաղաքին, և՛ մեր պետությանը, որովհետև խոսքը մի կազմակերպության մասին է, ով հանդիսանում է օտարերկրյա ներդրող, և այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում իրականացնելն ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա: Ես կոչով դիմում եմ «Սանիտեք»-ի սեփականատերերին` հրաժարվելու այդ մտքից, վերադառնալու Երևան և այստեղ պատասխանելու թե՛ երևանցիների, թե՛ լրագրողների հարցերին»,- ասաց Խաժակյանը:

«Սանիտեք» ընկերության սեփականատերեր Նիկոլաս Էլ Թավիլը և Սարի Հադդադը օգոստոսի 2-ին Թբիլիսիում հանդես կգան մամուլի ասուլիսով: Ընկերության ղեկավարները կամփոփեն 2014-ից  «Սանիթեք»-ի գործունեությունը Հայաստանում, կանդրադառնան քաղաքային նախորդ և ներկա իշխանությունների հետ հարաբերություններին, կպատասխանեն ընկերությանն ուղղված մեղադրանքներին, ինչպես նաև կխոսեն  հետագա համագործակցության մասին:


© 2009 ARMENPRESS.am