Փարիզում կայացած Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ

11:11, 30 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21-ից 30-ն անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կրթության, գիտության, մակույթի և սպորտի նախարարությունից, բրոնզե մեդալ է նվաճել  Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել են գովասանագրերի։

«Մեր թիմը ղեկավարում էին Քիմիայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը և անդամ Արմեն Գալստյանը: Քիմիայի միջազգային օլիմպիադայում բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 4 աշակերտ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Առջևում Աստղագիտության և Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադան է, որն անցկացվելու է  օգոստոսի 2-10-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am