ՀՀ ԶՈՒ-ում նկատվում է պայմանագրային զինծառայության նկատմամբ հետաքրքրության աճ

17:18, 29 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից հետո հայտերի քանակն ավելացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Պայմանագրային զինծառայողների մոտ հետաքրքրության աճ է նկատվում, ինչը գուցե, կապված է նրանց աշխատավարձերի բարձրացման հետ: Այս ամենի հետ մեկտեղ գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ, որոնց պայմանագրային ծառայության անցնել ցանկացողը պետք է համապատասխանի»,- նշեց Բալայանը և հավելեց, որ հիմնականում այդ չափորոշիչները վերաբերում են առողջական խնդիրներին:

Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջաններում ծառայել ցանկացողների թիվն ավելի շատ է, քան չցանկացողների։

Անդրադառնալով սահմանին լիովին պայմանագրային ծառայությանն անցնելու  հարցին՝ Բալայանն ընդգծեց, որ հարցը դեռ չի քննարկվում: Նրա պնդմամբ՝ քանի դեռ ԶՈւ-ն է պետական սահմանի պահպանությունն իրականացնում, այլ ոչ սահմանապահ զորքերը՝ այդ քայլին հնարավոր չէ գնալ: 

Հայաստանում պայմանագրային զինծառայողների աշխատավարձը 2019 թվականի հունիսի 1-ից աճել է 20%-ով։

 


© 2009 ARMENPRESS.am