ՊՆ թեժ գծին զորակոչի կազմակերպման ժամանակ ստացված բողոքների թիվը շեշտակի նվազել է

14:21, 29 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորակոչի կազմակերպմամբ պայմանավորված՝ ապրիլի 1-ից սկսած, ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գծին (1-28 – հեղ.) ստացվել է մոտ 90 բողոք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց  ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը:

«Զանգերը հիմնականում եղել են «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի, ինչպես նաև բժշկական փորձաքննության կարգի վերաբերյալ: Նախորդ տարի զորակոչի կազմակերպման բողոքների թիվը գերազանցում էր 200-ը: Այս տարի զգալի փոփոխություն կա՝ թիվը բավականին նվազել է՝ մոտ 90 բողոք»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով ՝ յուրաքանչյուր բողոքի մեջ որոշակի անհանգստություն պարունակող հարցեր կան, սակայն լինում են նաև այնպիսիները, որ ավելի շատ ծնողական մտահոգության արդյունք են:

«Բժշկական փորձաքննությունների մասով նշեմ, որ 33 դիմում ունենք, որ վերաբերում էին բժշկական հոդվածներին, թե ինչ սահմանափակումներով է գնալու, կամ  նշում էին, որ իրենց ընկալմամբ հիվանդությունն ավելի ծանր է, քան ֆիքսվել է»,- ասաց Ալիկ Ավետիսյանը:

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն ընդգծեց, որ եթե տեսնում են, որ հապճեպ է կայացվել որոշումը, պատշաճ ուշադրություն չի դարձվել մեկ այլ բժշկական ակտի, ապա նման դեպքերում, որպես կանոն, միջամտում են:

Ավետիսյանի պնդմամբ՝ իրենք բազմաթիվ այցեր են իրականացնում զորամասեր և փորձում են ամեն կերպ խնդիրներին լուծում տալ:


© 2009 ARMENPRESS.am