Ուկրաինացիները նոր խնդրագիր են ստորագրել՝ նախագահի աշխատակազմի ղեկավարին պաշտոնանկ անելու համար

15:04, 27 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանին պաշտոնազրկելու պահանջով խնդրագիրը պետության ղեկավարի կայքում հավաքել է անհրաժեշտ 25 հազար ստորագրությունները:

Խնդրագիրը, որը նախաձեռնել են մայիսի 23-ին, ստորագրել է 25 հազար 156 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները, խնդրագիրը ստորագրողները նախագահից պահանջում են պաշտոնանկ անել իր աշխատակազմի ղեկավարին, քանի որ նա լյուստրացիայի մասին օրենքի համաձայն չի կարող ստանձնել այդ պոստը: Նման խնդրագիր նախկինում ևս ներկայացվել է՝ կրկին անհրաժեշտ թվով ստորագրություններով. Զելենսկին այն դիտարկել է, սակայն Բոգդանին թողել է նույն պաշտոնում:

Բոգդանը նախկինում եղել է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու իրավաբանն ու խորհրդատուն և նախագահական ապարատում պաշտոնը ստանձնել է մայիսի 21-ին:  Հասարակությունը տարակուսանքով է արձագանքել այս նշանակմանը, քանի որ նա Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակաշրջանում երկու անգամ կատարել է կառավարության լիազորի պարտականությունները հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում և ընկնելով լյուստրացիայի օրենքի գործողության տակ չի կարող 10 տարի աշխատել պետական ծառայության համակարգում՝ մինչև 2024թ.:  Բոգդանն ինքը համարում է, որ անարդարացիորեն է ընկել լյուստրացիայի օրենքի գործողության տակ:


© 2009 ARMENPRESS.am