Պոմպեոն խոսել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին

14:58, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ արտաքին գործերի նախարար Մայք Պոմպեոն Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ հայտարարել է, որ այդ քայլը ԱՄՆ-ի համար անընդունելի է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից Թուրքիային հեռացնելուց բացի՝ ուրիշ պատժամիջոցներ ևս կարող են կիրառվել, քանի որ մեր նպատակը Ս-400 համակարգերի գործարկումը խոչընդոտելն է: Թուրքիան Ս-400-ների դեռ առաջին խմբաքանակն է միայն ստացել, ուստի ցանկանում ենք, որ թուրքական իշխանությունը այս հարցը ևս մեկ անգամ աչքի անցկացնի»,- նշել է նա:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Իսկ հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին սենատին են ներկայացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ:


© 2009 ARMENPRESS.am