Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են Ս-400-ների համատեղ արտադրության բանակցությունները

12:12, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինամթերքի արտահանությամբ զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ» կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասերը Թուրքիայում արտադրելու ուղղությամբ բանակցությունները երկու երկրների միջև շարունակվում են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Միխեևը հայտնել է, որ Ս-400-ների մատակարարմամբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը ամրապնդվել է:

«Ցանկանում ենք մեր համագործակցությունը հասցնել այն մակարդակի, որ համատեղ շահ հետապնդող ծրագրեր իրականացնենք հատկապես օդային պաշտպանության համակարգերի և ուղղաթիռների արտադրության ոլորտում»,- նշել է նա:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Իսկ հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին սենատին են ներկայացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ:


© 2009 ARMENPRESS.am