ՊՎԾ-ն մարզային ջրօգտագործողների մի շարք ընկերություններում արձանագրել է չհիմնավորված ծախսեր

17:08, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ» և «Արարատ» ջրօգտագործողների ընկերություններում կատարած ուսումնասիրության արդյունքում չհիմնավորված ծախսեր, պակաս արտացոլված հասույթներ, իրականությանը չհամապատասխանող դեբիտորական պարտքեր է հայտնաբերել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նշված է 2019 թվականի առաջին կիսամյակի ըն­թաց­քում ՊՎԾ-ի կողմից կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունում:

 «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ» և «Արարատ» ջրօգտագործողների ընկերություններում ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են չհիմնավորված ծախսեր, պակաս արտացոլված հասույթներ, իրականությանը չհամապատասխանող դեբիտորական պարտքեր, անորակ հիմնանորոգման աշխատանքներ, կանոնադրական և իրավական խախտումներ։ «Արմավիր» ՋՕ ընկերությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումների արդյունքում պատճառված վնասը կազմել է շուրջ 1099.2 մլն. ՀՀ դրամ, «Էջմիածին» ՋՕ ընկերությունում՝ 1123.9 մլն. ՀՀ դրամ, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունում՝ 1071.2 մլն. ՀՀ դրամ, իսկ «Արարատ» ՋՕ ընկերությունում՝ 644.2 մլն. ՀՀ դրամ:

Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ և ներկայացվել են ՀՀ վարչապետին, այնուհետև ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա հարուցվել է քրեական գործ:


© 2009 ARMENPRESS.am