Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գրիգորյանի և Ամիրյանի գործով դատական նիստը

12:46, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Մանվել Գրիգորյանը կրկին չի ներկայացել դատարան առողջական վիճակի վատ լինելու պատճառով, ինչի մասին դատարան փաստաթուղթ է ներկայացվել:

Դատարան է հրավիրվել Գրիգորյանի բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը, քանի որ նա այն դատաբժշկական փորձագետներից է, որոնց պաշտպանական կողմը խնդրել է ներգրավել փորձաքննության հանձնաժողովի կազմում:

Դատաբժշկական միջգերատեսչական փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացրել էր Դատախազությունը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ <<Զենքի մասին>> ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ <<Զենքի մասին>> ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։


© 2009 ARMENPRESS.am