ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը ճիշտ ճանապարհին է. Սվիտալսկի

14:10, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ ԵՄ-ն և Հայաստանը գերազանց հարաբերություններ ունեն: Համագործակցությունը ճիշտ ուղու վրա է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սվիտալսկին նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում՝ ամփոփելով դիվանագիտական առաքելությունը:

«Թույլ տվեք այս պահին կրկնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան այցի ընթացքում ասածը: Մեր գնահատականն այն է, որ մենք այս պահին գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Եվ բոլոր գործոնները, որ սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, հուշում են, որ նման հայտարարությունները կշիռ ունեն: Մենք ունենք բավականին ակտիվ ու բարեկամական քաղաքական երկխոսություն՝ ամենաբարձր մակարդակից սկսած»,-ասաց Սվիտալսկին:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա նշեց, որ այն արդեն մտնում է իրականացման փուլ: Նա նկատեց, որ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը շատ հավակնոտ փաստաթուղթ է: Դեսպանը նշեց՝ հիմա հայկական կողմի հետ քննարկում են այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել այդ ճանապարհային քարտեզի իրականացմանը

Սվիտալսկին նաև ընդգծեց, որ նշանակալիորեն ավելացրել են Հայաստանի զարգացմանն ուղղված ֆինանսական աջակցության մակարդակը: «Եթե փորձենք ամեն ինչը համադրել, ապա վստահաբար կկարողանանք ասել, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը ճիշտ ճանապարհին է: Վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը գնահատում է դա: Վերջերս մենք հրապարակել ենք հասարակության շրջանում անցկացված հարցումները: Եվ հայերի 92 տոկոսն ասել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները լավ են զարգանում»,-ասաց դեսպանն ու նշեց՝ այդ զարգացմանն աջակցող մարդկանց մեծ քանակն արդեն արժեք է:


© 2009 ARMENPRESS.am