Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

18:02, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 21-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Գլխավոր հանձնակատարը մոմ վառեց, որից հետո այցելեց Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Գլխավոր հանձնակատարը ծանոթացավ նաև եկեղեցու «Տապան» թանգարանի ցուցանմուշներին և «Գավիթ» թատրոնի գործունեությանը:

 Այնուհետև Զարեհ Սինանյանը հանդիպեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր դասի, Նարեկացու անվան վարժարանի տնօրինության, ուսուցիչների, Հայորդյաց տան աշխատակազմի, Հայագիտական բաժնի և «Տապան» թանգարանի աշխատակիցների, «Նուռ» եկեղեցասեր երիտասարդության անդամների, թեմի մշակութային կառույցների ներկայացուցիչների, «Հայաստանյայց եկեղեցի» թերթի լրագրողների, գրադարանի տնօրինության և մի շարք հավատացյալների հետ:

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am