ՊԵԿ-ն առաջարկում է ապրանքների ոչնչացման աշխատանքների կազմակերպման համար պարզեցված կարգ սահմանել

10:52, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է ապրանքների ոչնչացման աշխատանքների կազմակերպման ու հսկողության նոր, առավել պարզեցված ու գործուն կարգ սահմանել, ինչը համահունչ է ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներին և ԵԱՏՄ անդամ այլ երկրում կիրառվող պրակտիկային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական կայքից, նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին » որոշումը:

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել պարզ, արագ և արդյունավետ կազմակերպել  «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման և դրանց նկատմամբ պատշաճ հսկողության աշխատանքները,  արագացնել դրանց ընթացքը, պարզեցնել վարչարարությունը, հայտարարատուներին ազատել ժամանակային և այլ կորուստներից:   

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ սահմանված իրավակարգավորումների ժամանակավրեպության և անհարկի ուռճացված վարչարարության հանգամանքով, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխան «Ոչնչացում» ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքների անմիջական կազմակերպման և վերահսկման, ըստ այդմ նաև ընթացակարգի շրջանակներում մաքսային հսկողության ավարտի հարցերում, ինչով և բարդություններ են առաջանում հայտարարատուների համար:


© 2009 ARMENPRESS.am