Կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության  

12:10, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Իջևանում հուլիսի 17-ին տեղի ունեցած դեպքերին: «Իջևանում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել, ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպած ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին ու մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին, 12 ոստիկան ստացել է վնասվածք, բարեբախտաբար, ոչ շատ ծանր, երկու քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք ցանկանում են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը:

«Միանգամից ասեմ, որ կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը տեղեկացրեց, որ մոտ 500 անձի կողմից մի քանի անգամ փակվել է ճանապարհը: «18:00-ի շրջանակում, չենթարկվելով ոստիկանության պահանջներին, ոստիկանությունն օրենքի շրջանակներում պատնեշ էր կազմել ու ուզում էինք բացել փողոցները, տեղի ունեցավ բախում ու քարերով, փայտերով, մահակներով վնասվածքներ են պատճառել մեր ոստիկաններին»,- ասաց նա: Փոխոստիկանապետը նշեց, որ 8 մարդ այժմ հոսպիտալացված է ոստիկանության հոսպիտալում, նրանց վիճակը բավարար է: «Երկուսը կմնան, վեցը կանցնեն ամբուլատոր հսկողության»,- ասաց նա:

Փոխոստիկանապետի խոսքով՝ այս պահին իրավիճակը վերահսկելի է, ճանապարհները բաց են, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Վարդան Մովսիսյանը ներկայացրեց, որ 19 մարդ բերման է ենթարկվել, որոնցից 13-ը ձերբակալվել է, իսկ մյոըսները բաց են թողնվել ստորագրությամբ:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ շուրջ 36 մարդ պետք է բերման ենթարկվեր և հետաքրքրվեց, թե մյուսներն ո՞ւր են:

Փոխոստիկանապետն ի պատասխան ասաց, որ գիշերն իրականացրել են օպերատիվ գործողություններ, հասցեներով խմբեր են գնացել, սակայն շատերը տեղում չեն եղել, բացակայել են բնակության վայրից: Այժմ աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերման ուղղությամբ:

Վարդան Մովսիսյանը բացառեց նրանց՝ հանրապետության տարածքը լքելու փաստը:


© 2009 ARMENPRESS.am