Մասնագետները ճիշտ չափաքանակով պարարտանյութերի օգտագործումն անվտանգ են համարում

17:32, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պտուղ-բանջարեղենի աճեցման համար օգտագործվող թե՛ պարարտանյութերը, թե՛ թունաքիմիկատները տեղին ու ժամանակին, ինչպես նաև ճիշտ չափաքանակով օգտագործելու դեպքում, դրանցով մշակված արտադրանքն անվտանգ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն, անդրադառնալով պտուղ-բանջարեղենի արտադրությանը, ասաց, որ օգտագործվում են պեստիցիդներ և ագրոքիմիկատներ։

«Պարարտանյութերն օգտագործվում են բույսի սնուցման համար, իսկ թունաքիմիկատները՝ բույսի հիվանդությունների, մոլախոտերի, անցանկալի տեսակների վերացման համար»,- նշեց Նիկոյանը և հավելեց, որ կախված թունաքիմիկատի տեսակից, թունունակությունից, ազդեցությունից թունաքիմիկատ օգտագործելուց մինչև բերքահավաք ընկած ժամանակահատվածը պետք է պահպանվի:

Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանն էլ նշեց, որ գյուղատնտեսների շրջանում միշտ իրականացնում են իրազեկման և խորհրդատվության աշխատանքներ՝ պարարտանյութերի և պեստիցիդների կիրառման վերաբերյալ։

Նրա խոսքով՝ սրսկման և կիրառման միջոցառումները պետք է կատարվեն ճիշտ ժամկետներում և ոչ բոլոր դեպքերում է խորհուրդ տրվում թունաքիմիկատներ օգտագործել։ 

Անդրադառնալով որոշ երկրներում պարարտանյութերի հետևանքով քաղցկեղի տարածվածության գրանցմանը՝ Նիկոյանը նշեց, որ ՀՀ տարածք ներմուծվող և՛ թունաքիմիկատները, և՛ պարարտանյութերը, մինչև ներմուծվելը, պարտադիր պետք է գրանցվեն:

«Գրանցումը բազմաքայլ գործընթաց է իր պահանջներով, որից հետո ներկայացված պահանջներով փաստաթղթերը ՍԱՊԾ-ի կողմից հանձնվում են կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին»,- ասաց ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետը:


© 2009 ARMENPRESS.am