Հյուսիս-Հարավ էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ ՀՀ-ն կվերածվի տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հաբի

15:00, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հաբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը:

«Հիմա իրականացման փուլում է գտնվում Հյուսիս-Հարավ ծրագրի Կենտրոն-Հարավ մասը: Ներկա պահին ընթանում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Քննարկվում է նաև Կենտրոն-Հյուսիսի կառուցումը, որը կապվելու է Կենտրոն-Հարավի հետ. դա Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրն է: Միայն հարավային ուղղությամբ մենք կունենանք փոխհոսքերի իրականացման եռապատիկ հզորության ավելացում, և հյուսիսն էլ միացնելով այդ ուղղությանը, հույս ունեմ, որ կդառնանք տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հաբ»,- ասաց Բադալյանը:

Վարչության պետը նշեց, որ նշված ծրագիրն արդեն հաստատված է, և հարավից կառուցման փուլում է:


© 2009 ARMENPRESS.am