Գյումրու մսի  վաճառքի տաղավարներն ու կետերը մինչև հուլիսի 25-ը վերացնելու են բոլոր թերությունները

21:58, 16 Հուլիս, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները հուլիսի 16-ին  վերահսկողական շրջայց են  կատարել  Գյումրիի շուկայում տեղակայված մսի տաղավարներում։ Շրջայցը նպատակ ուներ ստուգել վերահսկողի կողմից թարմ մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը, սակայն, ինչպես պարզվեց տեղում,  միայն մի քանիսն  էին  այս ընթացքում որոշակի բարելավել իրենց պայմանները: 

Մինչ  այս ՀՀ ԿԱ ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանի  գլխավորած խումբն օրերս Գյումրիում էր: Շրջայցի արդյունքում   ծառայությունը ժամանակավորապես կասեցրել էր  տաղավարների գործունեությունը՝  մի շարք  թերությունների և սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության  պատճառով:

«Այն  թերությունները, որոնք դեռ կան և  չեն բավարարում մեր պահանջներին, պետք է վերացվեն: Մենք  այսօր տնտեսվարողների  հետ հանդիպել և հրահանգել ենք, որ վերացնեն   թերությունները, իսկ ծառայության  տեսուչները  հետևողական աշխատանք  պետք է տանեն  ամեն  օր։ Տնտեսվարողները պետք է հասկանան, որ հսկողությունն ամենօրյա  է»,- նշեց   ՍԱՏՄ ՇՄ կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար   Ալեքսան  Մկրտչյանը՝ հավելելով՝ «Մենք  սպառողի կողքին ենք, որպեսզի  սպառողը ստանա անվտանգ սնունդ: Կարծում եմ՝  մեր այս  այցերը  զգոն կպահեն տնտեսվարողներին»:

Այս անգամ  թերությունների վերացման  համար  վերջնաժամկետ նշանակվեց հուլիսի   25-ը: Այս  ընթացքում  տաղավարներն ու վաճառքի կետերը  պետք  է լուծեն ջրի,  անասնաբուժասանիտարական փորձաքննության պիտակների, սառնարանների  հարցը: Եթե  այս անգամ էլ չկատարեն պահանջները, ապա  կետերի գործունեությունը վերջնականապես կկասեցվի:  Ըստ պատասխանատուի՝ ուսումնասիրության կենթարկվեն նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մարմինները:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am