Մեկնարկել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱՄՆ

16:32, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 15-ին «Atlantic Council» կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին եւ զարգացման հեռանկարներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ելույթից հետո ներկա ԱՄՆ պետական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ծավալվել է շահագրգիռ քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումների, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման եւ այլ հարցերի շուրջ:

Օրվա ընթացքում Ազգային ժողովի խոսնակը National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը եւ մեդիային աջակցության տրամադրման հարցը:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինտիտուտի փոխնախագահ Սքոթ Մեսքիթին: Կողմերը քննարկել են Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի օրակարգը:

Օրվա ավարտին Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ մտքեր փոխանակել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների եւ խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am