Գնահատման և թեստավորման կենտրոնը թեստերի վերաբերյալ դժգոհությունները տեղին չի համարում

14:00, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնը քննությունների հետ կապված ստացել է 467 դիմում-բողոք:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ դիմում-բողոքների առյուծի բաժինը վերաբերում է Հայոց լեզու և գրականություն առարկային, ինչպես նաև քիմիային:

«Հիմնականում դիմումները կապված են առաջարկությունների հետ, կոնկրետ բողոքներն այդքան շատ չեն եղել: Դժգոհությունները հիմնականում առնչվել են թեստերի հետ, որոնք տեղին չեն եղել: Մասնավորապես, նշվել է, թե թեստերի օրինակները շտեմարանից դուրս են եղել: Կարող եմ վստահաբար ասել, որ նման բան չկա: Չի եղել թեստերի հետ կապված մի դիմում, որտեղ ապացուցվի, որ օրինակները շտեմարանից  դուրս են: Մասնագետները բառ առ բառ ցույց են տվել շտեմարանից վերցված օրինակները»,-ասաց Կարո Նասիբյանը:

Կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ դժգոհությունները, թերևս, գալիս են նրանից, որ առաջադրանքների տեղերն են փոխվել: Ինչն էլ իր հերթին բարդացրել է անգիր անելու տարբերակը:

«Եթե երեխան իսկապես գիտի, հասկանում է առաջադրանքի էությունը, ապա իր համար պետք է խնդիր չլինի, թե այն որտեղ է ներառված: Նախկինում էջերով անգիր են արել, հիմա այդ անգիրն իրենց չի օգնել»,-ասաց Կարո Նասիբյանը:


© 2009 ARMENPRESS.am