Մարզերի բուժհաստատությունները հաճախ չեն ունենում սարքավորումներ կանանց լիարժեք հետազոտության համար

13:50, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարզերում առողջապահական ենթակառուցվածքները հիմնականում անհասանելի են, քանի որ բուժհաստատությունները հագեցած չեն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մարզային բուժհաստատություններում տրամադրվող ծառայությունների որակը բավարար չէ:

«Մարզերում առողջապահական ոլորտում առկա է ֆինանսական անմատչելիություն: Սոցիալապես անապահով, բազմազավակ կամ միայնակ մայրերն ավելի խոցելի են և հետազոտություններ անցնելու հնարավորություն չունեն: Գեղարքունիքի մարզում ապրող կանայք հայտնեցին, որ առողջությանը հետևում են միայն այն ժամանակ, երբ  կարգավորված են լինում իրենց համար մնացած ավելի կարևոր հարցերը»,- նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ մարզերում բացակայում է առողջության պահպանման մշակույթը, ինչպես նաև մարզաբնակ կանանց կողմից սեփական առողջությանը հետևելու վարքագիծը:

Փոխնախարարը նկատեց, որ մարզերում բուժաշխատողների վերապատրաստման կարիք կա:


© 2009 ARMENPRESS.am