«Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի առաջին խաղում խուսափեց պարտությունից
19:22, 11 Հուլիս, 2019ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրու քաղաքային մարզադաշտում մրցելով մակեդոնական «Շկուպի»-ի հետ կարողացավ խուսափել պարտությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկից ընդամենը 4 րոպե անց հայկական թիմն առաջ անցավ հաշվի մեջ: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Էրիկ Վարդանյանը: Առաջին կեսում մակեդոնական թիմը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունն, այնուհետ նաև առաջ անցնել հաշվի մեջ: Նախ 23 րոպեին աչքի ընկավ Բաջրամիին, հետո էլ Իլիեսկին: Թիմերն ընդմիջման գնացին 1:2 հաշով հօգուտ «Շկուպի»-ի:
Երկրորդ կեսի մեկնարկում մակեդոնական թիմը խփեց նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Բաջրամին՝ 1:3: «Փյունիկ»-ն անհավանական «քամբեք» ունեցավ: 80-րդ րոպեին Ժեստոկովը հաշիվը դարձրեց 2:3, իսկ 85-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը՝ 3:3:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:
© 2009 ARMENPRESS.am