Կառավարությունը ֆինանսական միջոցներ հատկացրեց գիտական ենթակառուցվածքների զարգացման համար

19:22, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ կատարեց «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և 448 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշմամբ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420 մլն դրամի չափով իրականացնել ֆիզիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, քիմիայի, ռադիոէլեկտրոնիկայի, հայագիտության ոլորտների համար 7 սարքի և սարքավորման ձեռքբերման ներդրումային ծրագրեր և 280 մլն դրամի չափով՝ Միջգիտակարգային տվյալների կենտրոնի ստեղծման ծրագիրը:

«Համակարգային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնել և ստեղծել գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնել գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը, օպտիմալացնել գիտական սարքավորումների պահպանմանը հատկացվող ֆինանսական ծախսերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:


© 2009 ARMENPRESS.am