Ջան Քանթարջին «Վերջին ելքը» ֆիլմով բացահայտում է Ստամբուլի հրաշալիքներն ու բացասական դրսևորումները
18:05, 10 Հուլիս, 2019ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաշինը Ստամբուլում՝ քաոսով ու երեսպաշտությամբ սնվող բետոնե այդ հսկայական ջունգլիում ապրող հուսաբեկ ճարտարապետ է: Մի գիշեր նա վերագտնում է հին ընկերոջը՝ Սիրենին. վերջինս վերափոխված կին է, որն այժմ ապրում ու աշխատում է օրգանական ֆերմայում ՝ Թուրքիայի հեռավոր հարավային ափին:
Ռեժիսոր Ռամին Մաթինի կինոնկարը ներառվել է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում:
«Ֆիլմում երևում է Ստամբուլի անկառավարելի զարգացումը: Հատկապես վերջին տարիներին քաղաքը շատ արագ է առաջ գնում: Նշեմ, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մտածում էինք ստեղծել գիտաֆանտաստիկ ֆիլմ, բայց, ավաղ, այդ նախագծի համար համապատասխան ֆինանսավորում չկարողացանք հայթայթել: Այդ ընթացքում մի կինոքննադատ հարցրեց, թե ինչո՞ւ ենք ցանկանում հակաուտոպիա նկարահանել ապագայի մասին, երբ ներկան այդպիսին է: Հետևեցինք նրա խորհրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում պատմեց ժապավենի սցենարի հեղինակ Ջան Քանթարջին:
Նա ընդգծեց, որ թուրքական ֆիլմերում կարևորվում է ընտանիքի թեման: «Օսմանյան կայսրությունում պետությունն աշխատում էր ընտանիքի, համայնքի, մեծ միավորների հետ, բայց երբ հիմնադրվեց հանրապետությունը, պետությունը սկսեց աշխատել անհատի հետ: Մեր ժապավենում չենք փորձում ներկայացնել Ստամբուլը որպես մի մեծ ընտանիք, մենք խոսում ենք անհատի մասին, որն առերեսվում է քաղաքին»,- շեշտեց սցենարիստը:
Խոսելով Ստամբուլում առկա խնդիրների մասին` Քանթարջին ասաց, որ քաղաքում պետք է պահպանել մշակութային արժեքները: «Ժամանակն անցնում է, արժեք ներկայացնող կառույցները վերացման եզրին են, մարդիկ ափսոսանք են հայտնում, երբեմն ոչ այնքան անկեղծ: Ամենամեծ խնդիրն այն է, որ բնակիչների միջև չկա քաղաքի զարգացման վերաբերյալ համաձայնություն: Այնուամենայնիվ, Ստամբուլը ներկայացնում է այսօրվա Թուրքիայի դեմքը: Ստամբուլում ապրում են պահպանողականներ, աշխարհիկ մարդիկ. ամեն ծայրահեղության կարելի է հանդիպել այդ քաղաքում: Մեր ֆիլմի հերոսը անցնում է բոլոր ուղղություններով՝ և’ պահպանողական է, և’ աշխարհիկ»,- եզրափակեց ֆիլմի սցենարիստը:
© 2009 ARMENPRESS.am