Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները բարձր են գնահատել միջազգային կառույցներում համագործակցությունը

21:08, 9 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայում անցկացվող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մարգոտ Վալստրյոմի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-շվեդական օրակարգի մի շարք հարցերի շուրջ և վերահաստատել երկկողմ հանձնառությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու այն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: 

Նախարար Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրել է մարդու իրավունքների խրախուսման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և դատաիրավական բարեփոխումներին ուղղված ՀՀ քաղաքականությունը։ 

«Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները բարձր գնահատեցին մարդու իրավունքների օրակարգ ունեցող կազմակերպությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ-ում, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաջող զարգացող համագործակցությունը։

Շվեդ գործընկերոջ խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակը, Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am