Վրաստանի ԱԳ նախարարը ողջունել է պատժամիջոցներ չկիրառելու մասին Պուտինի հայտարարությունը

19:42, 9 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ  ճիշտ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ Պետդուման հուլիսի 9-ին կայացած լիագումար նիստում ընդունել է մի հայտարարություն, որով առաջարկել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը քննարկել Վրաստանի դեմ հատուկ տնտեսական միջոցների կիրառման իրագործելիությունը և համապատասխան առաջարկներ ներկայացնել ՌԴ նախագահին: Պուտինը չի համաձայնել տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ:

«Իհարկե, մենք հետևել ենք բոլոր իրադարձություններին, և պետք է ասել, որ հրահրող հայտարարությունները, որոնք հետագայում հանգեցրել են իրավիճակի վատթարացման՝ անընդունելի էին: Այն ինչ ես լսել եմ Ռուսաստանի նախագահից, անկասկած միակ և ճիշտ որոշումն էր, որը մնում է միայն ողջունել»,- ասել է Զալկալիանին:

ԱԳ նախարարի կարծիքով՝ ոչ մի դեպքում պետք չէ տրվել ապակառուցողական ուժերի սադրանքներին, որոնք միտված են երկրի ապակայունացմանը:


© 2009 ARMENPRESS.am