Ընդունվեց ԱԻՆ-ի որոշ գործառույթներ Շրջակա միջավայրի նախարարությանը տալու մասին օրենքի նախագիծը

13:45, 9 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արտակարգ իրավիճակների նախարարության որոշ գործառույթներ վերապահել Շրջակա միջավայրի նախարարությանը: Դրանք հիմնականում հիդրոմետ ծառայության գործառույթներն են: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հուլիսի 9-ի նիստում քվեարկությամբ:

Ինչպես արդեն նշել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ խոսքը վերաբերում է հիդրոմետ ծառայության գործառույթները՝  օդերևութաբանության  և մթնոլորտային ակտիվ ներգործության գործառույթները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելուն: Հավաքագրվում են շրջակա միջավայրի մոնիտորինգի հետ առնչվող բոլոր գործառույթները: Նախկինում որոշ գործառույթներ վերապահված էին Շրջակա միջավայրի նախարարությանը (նախկին բնապահպանության նախարարություն) որոշ գործառույթներ, մասնավորապես, անտառային մոնիտորինգի մասով՝ Գյուղատնտեսության նախարարությանը, որոշ գործառույթներ, հիդրոմետ ծառայության մասով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

 Հիմա այս երեք ՊՈԱԿ-ները միավորվում են, ինչի արդյունքում կստեղծվի Շրջակա միջավայրի մոնիտորինգի նոր կենտրոն, որը տեխնիկական վերազինման և կարողությունների վերազինման արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրի շրջակա միջավայրի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն:

Ներկայումս «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում քաղաքականության մշակումն ու իրականացումը: Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել ԱԻՆ-ին վերապահված այդ գործառույթները:

Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ ձայներ չեղան:

 


© 2009 ARMENPRESS.am