Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

17:11, 30 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերի հենացատկ վարժությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը կայացան սպորտային մարմնամարզության առանձին  վարժությունների եզրափակիչները։

Արթուր Դավթյանը  հենացատկի վարժության եզրափակչում հավաքեց 15.016 միավոր և դարձավ չեմպիոն։

Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Վահագն Դավթյանը մասնակցեց օղակներ վարժության եզրափակիչին և գրանցելով 14.766 արդյունքը՝ դարձավ արծաթե մեդալակիր։

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:


© 2009 ARMENPRESS.am