«Երևանյան բեսթսելեր». Ազնավուրի վերջին գիրքն առաջին տեղում է. փաստավավերագրական. մայիս, 2019
10:16, 28 Հունիս, 2019Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքն առաջին հորիզոնականում է: Այն Ազնավուրի գրած վերջին՝ իններորդ գիրքն է։ Սա թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:
Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը և ազատությունը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից: Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը երրորդ հորիզոնականում է: «Իմ, ժամանակի ու Ռուսաստանի մասին՝ երկյուղալի անկեղծությամբ»,- գիրքն այսպես է բնորոշում Վ. Պոզները: Գիրքը գրվել է 21 տարի առաջ, անգլերեն, ԱՄՆ-ում այն 12 շաբաթ մնացել է The New York Times թերթի բեսթսելերների ցանկում: Երկար սպասումից հետո միայն 2012-ին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին» գրքի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը: Հայերեն հրատարակվել է 2019 թ.:
Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» չորրորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:
Ալան Դիբի «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում դուք կկարողանաք հեշտությամբ քարտեզագրել ձեր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ձեռներեց, «1-Էջանոց մարքեթինգային պլանը» ձեր բիզնեսի աճը խթանող մարքեթինգային պլան ստեղծելու ամենահեշտ ու ամենաարագ ձևն է:
Վեցերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:
Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ և առանց Վանոյի» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Գրքի հեղինակի զրուցակիցները պատմում են մեր ժամանակների ամենաերևելի անհատականություններից մեկի՝ գրող, քաղաքական և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին: Գրքի գլխավոր հերոսի շուրջ հյուսված պատմությունները, նրա կերպարի բացահայտումները յուրօրինակ միջոց են՝ ներկայացնելու վերջին տասնամյակների հայ իրականությունը, Հայաստանի գրական ու քաղաքական մթնոլորտը, երկու հասարակարգերի բախումը և որպես այդ բախման հետևանք՝ բարոյական և հոգեբանական ավերածությունները, հնարավոր ու անհնար բոլոր աղետները հաղթահարելու նպատակասլացությունը, այս ամենն իր ճակատագիրը համարող անհատի կյանքը՝ անսպասելի ու աներևակայելի շրջադարձերով:
Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքն ութերորդ հորիզոնականում է: Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից: «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել ու հասնել հաջողությունների: Ներառված են հեղինակի անցած ճանապարհը, փիլիսոփայությունը, կյանքի մարտավարությունը և թեմաներ, որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:
Իններորդ հորիզոնականում է Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:
Տասներորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | նոր |
Շառլ Ազնավուր «Կյանքից կառչած» |
Newmag | 384 | |
2 | նոր |
Ռոբերտ Քոչարյան «Կյանքը և ազատությունը» |
հեղ.հրատ | 270 | |
3 | նոր |
Վլադիմիր Պոզներ «Հրաժեշտ պատրանքներին» |
Օրակուլ | 149 | |
4 | նոր |
Գերի Չեփմեն «Սիրո 5 լեզուները» |
Newmag | 145 | |
5 | նոր |
Ալան Դիբ «1-Էջանոց մարքեթինգային պլան» |
Էդիթ Պրինտ | 65 | |
6 | +1 |
Վահագն Դիլբարյան «100 բիզնես գաղտնիքներ» |
Էդիթ Պրինտ | 46 | |
7 | -1 |
Վասակ Դարբինյան «Վանոյի հետ և առանց Վանոյի» |
հեղ.հրատ | 33 | |
8 | նոր |
Սամվել Աղաջանյան «Կհանդիպենք բարձունքում» |
հեղ.հրատ | 31 | |
9 | -1 |
Սթիվեն Քովի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» |
Էդիթ Պրինտ | 29 | |
10 | -5 |
Նապոլեոն Հիլ «Մտածի՛ր և հարստացի՛ր» |
Զանգակ | 27 |
© 2009 ARMENPRESS.am