Հայաստանն ու Ղազախստանն ակտիվացնում են ԱԽ գրասենյակների միջև համագործակցությունը

09:54, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նեղ կազմով հանձնաժողովի նիստի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական անվտանգության խորհրդի քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի լրատվական ծառայությունից, հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Ղազախստանի Առիս քաղաքում տեղի ունեցած ռազմական պահեստների պայթյունների հետևանքով գրանցված ողբերգական դեպքերի կապակցությամբ։ Ուշադրություն է դարձվել այն փաստի վրա, որ սա երկու գործընկերների երկրորդ հանդիպումն է մեկ շաբաթվա ընթացքում, ինչը համագործակցության ակտիվացման տեսանկյունից լավ նշան է։

ԱԽ քարտուղարն ընգծել է ինտեգրացիոն և տարածաշրջանային կառույցներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափի այլ հարթակներում Հայաստանի և Ղազախստանի ակտիվացող համագործակցության կարևորությունը։

Քարտուղար Կասիմովը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` հատկապես անվտանգության ոլորտում, ուշագրավ համարելով բարձրագույն մակարդակի հանդիպումների սահմանած հաճախակիությունը: Համագործակցության շրջանակներում քարտուղար Կասիմովը կարևորեց սահմանային ջրերի արդյունավետ կառավարման փորձի փոխանակման հնարավորությունները և Ղազախստանում գործող հայկական համայնքի ներուժը։

Կալմուխանբետ Կասիմովը նշել է ԱԽ գրասենյակների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ավելացնելով, որ սա կարող է լավ հարթակ դառնալ երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար։

Արմեն Գրիգորյանն առաջարկել է դիտարկել ԱԽ գրասենյակների միջև 2020-2021 թվականների երկկողմ համագործակցության պլան կազմելու հնարավորությունը՝ առաջադրելով գաղափարներ համագործակցության հնարավոր ուղությունների շուրջ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորել է նաև ռազմաարդյունաբերության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում համագործակցության ակտիվացման տեսլականը։

Հանդիպման ավարտին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրել է իր գործընկեր Կալմուխանբետ Կասիմովին Հայաստան, առաջարկն ընդունվել է և պայմանավորվածություն ձեռք բերվեց այցի ժամկետները և մանրամասները համաձայնեցնել դիվանագիտական խողովակներով:


© 2009 ARMENPRESS.am