«Քույր-դպրոցներ» ծրագիրը միտված է ակտիվացնելու Երևանի և մարզերի  մշակութային կյանքը

13:52, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների, մանկավարժների միջև համագործակցությանը, գործնական հմտությունների ձեռքբերմանը, փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով հունիսի 19-ից մեկնարկել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաձեռնության շրջանակում երևանյան 10 և մարզային 10 երաժշտական ու արվեստի դպրոցների միջև կհաստատվեն համատեղ համերգային ծրագրերի իրականացման, մշակութային կրթության մեթոդական աջակցության, ինչպես նաև ստեղծագործական կապեր, իսկ մասնակից 500 երեխայի համար նախատեսված են ճանաչողական այցեր՝ Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային ժառանգության և տեսարժան վայրեր:

Ծրագիրը կարող է նպաստել մայրաքաղաքում և մարզերում մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելիության և մատչելիության ապահովմանը:

«Այս նախաձեռնության նպատակն է մերձեցնել մայրաքաղաքը մարզերի հետ մշակութային կրթության համատեքստում: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է մասնագիտական փորձի փոխանակումը, մշակութային համագործակցությունը: Նախաձեռնության շրջանակում մասնակիցներին տրվում է հնարավորություն այցելել թանգարաններ, մշակութային տարբեր հաստատություններ»,-հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:

Նա հավելեց, որ  ձեռնարկն ունի դրական արձագանքներ: «Հուսով եմ` այս ծրագիրը կունենա շարունակություն ու կընդլայնի շրջանակները»,-շեշտեց Ղազարյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի խոսքով` Երևանի քաղաքապետն ունի հստակ դիրքորոշում մշակութային քաղաքականության իրականացման վերաբերյալ: «Մշակութային միջոցառումների մեծ մասը բևեռացված է մայրաքաղաքում, ուստի որոշեցինք  կյանքի կոչել մի ծրագիր, որը հնարավորություն կտա աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում: Մենք  հետևում ենք Երևանի և մարզերի երաժշտական դպրոցների այցելություններին, ստանում ենք զանգեր, որոնք կարևոր են: Ինձ ոգևորել է Գյումրիից զանգը, որով խնդրում էին ծրագիրը շարունակական դարձնել»,-պատմեց նա:

Սարգսյանը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, որի անդրանիկ ելույթը լինելու է  հուլիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի այգում:  «Քննարկել ենք նաև Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների հիման վրա հավաքական մանկական նվագախումբ ստեղծելու գաղափարը: Մենք կարևորում ենք հատկապես երեխաների մերձեցումը, ընկերական միջավայրի ընդլայնումը, որը կարող է հնարավոր լինել հատկապես մշակույթի միջոցով, որի շնորհիվ ձեռք ես բերում ամեն ինչ` չկորցնելով ոչինչ»,-եզրափակեց Սարգսյանը:

Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am