Վարչապետը Մասիսում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը

11:35, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել Մասիսի բնակիչներին՝ ժամանակակից զբոսայգու և մարզահամալիրի բացման կապակցությամբ:

Ընտանեկան մարզահամալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ներառում մինի-ֆուտբոլի, բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի:

Վարչապետը ստորագրել է այն գնդակը, որով մարզահամալիրի ֆուտբոլի մարզադաշտում անցկացվում էր մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը` ֆրանկոֆոնիայի գավաթի եզրափակիչը: Եզրափակչում Գավաթը վիճարկում էին Արարատի մարզի «Մասիս քոլեջ» և «Մարմարաշեն» թիմերը:

Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA-ի կողմից իրականացվում են նաև երկարաժամկետ և համակարգային այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են` Մասիսի դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի ներդնումը, երիտասարդների ինքնակառավարման և նախաձեռնողական հմտությունների զարգացման նպատակով Երիտասարդական կենտրոնի ստեղծումը, ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը:


© 2009 ARMENPRESS.am