«Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

10:57, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Մենք քվեարկելու ենք դեմ, քանի որ համահարթեցման մասով ոչ մի փոփոխություն չի եղել: Եվս մեկ անգամ վերահաստատեմ, որ համահարթեցման մասը մեզ համար սոցիալական արդարության դրսևորում է»,-ասաց Աբովյանը:

Նա շեշտեց, որ իրենց դիրքորոշումը չեն փոխում:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է եկամտային հարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի:


© 2009 ARMENPRESS.am